ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա։ Twitter–ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկվա քննարկումը ակնհայտորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային հստակ և միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ հաղորդակցությունը պետք է վերականգնվի»,- գրել է Միրզոյանը։
Մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը գնահատում է արդար և սկզբունքային դիրքորոշումը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 20-ին Հայաստանի խնդրանքով Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի միջանցքի փակման հարցը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։