ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները եւս մասնակցում են նիստին:
Հիշեցնենք, որ քննարկումը տեղի է ունեցել Հայաստանի դիմումի հիման վրա:
Ստորև ներկայացնում ենք ելույթներից մի քանի հատվածներ.
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Մեզ մտահոգում է Լաչինի միջանցքի արգելափակման լուրերը։ Ակնկալում ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունը մոտ ապագայում պետք է վերականգնվի։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ եռակողմ համաձայնագրերին։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. Մենք կոչ ենք Ադրբեջանի կառավարությանը և այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար՝ մարդասիրական և առեւտրային օգտագործման համար հնարավորինս արագ ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը նշել է. Վերջին շրջանի իրադարձությունները շատ են մեզ մտահոգել: Լեռնային Ղարաբաղի մեկուսացումը Լաչինի միջանցքի փակման հետեւանքներից մեկն է: Ազատ տեղաշարժի սահմանափակումն անընդունելի է: Մարդասիրական հետեւանքներն օրեցօր վատթարանում են: Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ հանձն առած պայմանավորվածությունները։ Պետք է երաշխավորված լինի մարդկանց ու ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով:
Ալբանիայի ներկայացուցիչ. Ի գիտություն ենք ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների խորհրդին դիմումները: Չնայած տարբեր տեսանկյուններից, մենք գնահատում ենք այն փաստը, որ երկու կողմերն էլ պատրաստ են երկխոսության: Համաձայնությունները պետք է հարգվեն եւ երկու կողմերը պետք է դրանք ի կատար ածել: Ապրանքների եւ մարդկանց անվտանգ տեղաշարժը պետք է ապահովվի միջանցքի երկայնքով: Երկխոսությունը խնդիրների լուծման լավագույն ուղին է:
Չինաստանի ներկայացուցիչ. Մենք հավատում ենք, որ վեճերը պետք է լուծվեն երկխոսությամբ: ՌԴ-ն շատ մեծ աշխատանք է կատարել եւ հույս ունենք, որ այդ վեճը կհանգուցալուծվի շատ արագ:
ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ. Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, մենք ուրախ ենք, որ գազամատակարարումը վերականգնվել է, բայց շարունակում ենք կոչ անել, որ անմիջապես վերաբացվի Լաչինի միջանցքը։ Հատկապես ձմեռվա ամիսներին մարդասիրական ծանր հետեւանքների վտանգ է առաջացել։
Օրեր առաջ ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնն էր հաղորդել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ուրբաթ առավոտյան Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ֆրանսիայի առաջարկով։