Ադրբեջանը՝ խոշոր բնապահպանական խնդիրների առջեւ

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՄԱԿ-ի քիմիական անվտանգության գծով միջազգային փորձագետ Վալերի Պետրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանն առանցքային դերակատարություն ունի Կասպից ծովը նավթային ածխաջրածիններով աղտոտման գործում, որն առաջին հերթին նավթի եւ գազի արտահանման ու վերամշակման հետեւանք է։ Ածխաջրածնային աղտոտման մեջ առանցքային դեր ունեն 16  պոլիմիջուկային արոմատիկ ածխաջրածինները, որոնք առաջին կարգի վտանգավորության աստիճան ունեցող քաղցկեղածիններ են, ինչպես օրինակ՝ բենզապիրեն եւ այլն։ Սա բնապահպանական խոշորագույն խնդիր է, որը կապված է Կասպից ծովը նավթային ածխաջրածիններով աղտոտելու հետ։

«Ադրբեջանի գլխավոր բնական պաշարները նավթն ու գազն են, եւ այդ իսկ պատճառով Կասպից ծովի նավթային աղտոտումն առանցքային դեր է խաղում։ Շրջակա միջավայրը ծանր մետաղներով աղտոտելու հետեւանքով Կասպից ծովի հյուսիսային եւ միջին հատվածի զգալի մասից, որոնք նախկինում ամենախոշոր թառափների բնակեցման տարածքն էին, այս ձկնատեսակն ամբողջությամբ տեղափոխվել է դեպի հարավ՝ Իրանի ծովափնյա սահմանների մոտ, քանի որ այդտեղ են թափվում լեռնային մաքուր ջրերը»,- ասաց Պետրոսյանը։

Բնապահպանական երկրորդ խոշոր խնդիրը պայմանավորված է մթնոլորտի, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների աղտոտմամբ, ինչն էլ կապված է նավթավերամշակման գործարանների բուռն գործունեությամբ։ Դա հանգեցնում է ոչ միայն մեծ քանակությամբ մեթանի մթնոլորտ արտանետման, որն այսօր մեզ հայտնի ամենաուժեղ ջերմոցային գազերից մեկն է, այլեւ ածխածնի երկօքսիդի, որն իր արտանետման ծավալներով առավել վտանգավոր է։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է տեղին սեփական խնդիրները լուծելու փոխարեն խոսել Արցախում ինչ-որ բնապահպանական խնդիրների մասին, Պետրոսյանը նկատեց, որ նավթավերամշակման գործարաններ շահագործող անձինք եւ կազմակերպությունները, այդ թվում՝ Ադրբեջանում, պետք է հասկանան, որ շատ մեծ վնաս են հասցնում կլիմայի գլոբալ փոփոխություններին, ամբողջ երկրագնդին եւ, իհարկե, առաջին հերթին պետք է մտածեն այդ ամենի մասին, այլ ոչ թե կազմակերպեն մտացածին բեմականացումներ, իբր, պայքարում են շրջակա միջավայրի համար։ Լեռնային շրջաններում արժեքավոր մետաղների՝ ոսկի, մոլիբդեն, պղինձ, արդյունահանմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը համեմատելի չէ նավթի, գազի արդյունահանման եւ վերամշակման հասցրած վնասներին։ «Ամբողջ աշխարհում ազնիվ մետաղների արդյունահանումը երբեւէ չի դիտարկվել որպես լրջագույն բնապահպանական խնդիր, ինչպես օրինակ` նավթի ու գազի արդյունահանումն ու վերամշակումն է։ Դրանք անհամեմատելի երեւույթներ են։ Դրա համար էլ ընդգծում եմ, որ եթե Ադրբեջանը մտահոգված է շրջակա միջավայրի պահպանությամբ, որպեսզի չվնասի բնությունը, կլիման, բնակչության առողջությունը, ապա պետք է առաջին հերթին մտածի քաղցկեղածին ածխաջրածինների մասին, որոնք մթնոլորտ եւ ջրային միջավայր են արտանետվում հազարավոր տոննաներով, չվնասի Կասպից ծովի ձկնային ռեսուրսները։ Սրանք անհամեմատ ավելի մեծ չափերի բնապահպանական վնաս են հասցնում, քան ազնիվ մետաղների արդյունահանումը»,- ասաց ՄԱԿ-ի փորձագետը՝ հավելելով, որ բեմականացված կեղծ սցենարներով այդ երկիրը լուծում է քաղաքական խնդիրներ։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print