Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հավաքական ջանքերի կարևորությունը Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը։
«Տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ-ում այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած երկրներին և միջազգային կազմակերպություններին: Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի և Սփյուռքի այն կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, ովքեր ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի մեծացնել միասնական ջանքերն այս ուղղությամբ՝ ակտիվորեն աշխատելով ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ:
«Պիտի նաև արձանագրեմ, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը՝ Հայաստանին մեղադրելու իր ստանձնած պարտավարությունները չկատարելու մեջ: Նման փորձերը սին են և հիմնազուրկ: Այս թեմային ես բազմիցս եմ անդրադարձել»,- նշեց Փաշինյանը: