Ադրբեջանին ենք փոխանցել մեր առաջարկները եւ պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ  լուծման․ Փաշինյան

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները եւ մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է news.am-ը:

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը եւս դրական կլինի»,-նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ հայկական կողմը դեռեւս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել:

«ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները եւ պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ  լուծման: ՀՀ-ն դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխվորման մասին իր առաջարկները, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել: Այդ առաջարկները ներառում են նաեւ Հայաստանի օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ  ինքնիշխան տարածքների օկուպացիան, նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,-հայտարարեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բարդությունների, իրենք շարունակում են իրենց ջանքերը համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն  եւ կայունություն ապահովելու ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print