Լաբորատորիան եղել և մնում է հանքարդյունաբերական մեր ընկերության հայելին. Արման Ոսկանյան

«Սյունյաց երկիր» օրաթերթը այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՝ լուսաբանելու Ընկերության քիմիական լաբորատորիայի առօրյան, որ հիմա անալիտիկ լաբորատորիա է կոչվում:

Թերթի ստեղծագործական խումբը լաբորատորիայի ղեկավար Արման Ոսկանյանի օգնությամբ, ծանոթացել է կատարվող աշխատանքներին, և հարցազրույց ունեցել լաբորատորիայի ղեկավարի հետ, ով բարձրագույն կրթությամբ քիմիայի մասնագետ է և ունի լեռնահանքային արդյունաբերությունում աշխատելու տարիների փորձ:

***

— Պարոն Ոսկանյան, ի՞նչ է իրենից ներկայացնում անալիտիկ լաբորատորիան, ե՞րբ է հիմնադրվել, ի՞նչ գործառույթներ է իրականացնում:

— Սկզբնապես կոչվում էր քիմիական լաբորատորիա, հիմա՝ անալիտիկ լաբորատորիա: Ստեղծվել է պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրելուց առաջ, երբ դեռևս իրականացվում էին երկրաբանական-հետախուզական աշխատանքներ: Լաբորատորիան իր բնույթով անալիտիկ է. ընդ որում՝ անալիզները բաժանվում են երկու խմբի՝ քանակական և որակական: Առաջին լաբորատորիան կառուցվեց 1951 թվականին: Այդ ժամանակ պարզվեց, թե ինչ բաղադրություն ունի հանքավայրը: Լաբորատորիայի կատարած աշխատանքների հիման վրա 1953 թ. կառուցվեց առաջին փորձնական հարստացուցիչ ֆաբրիկան: Մեծ է լաբորատորիայի դերն ու նշանակությունը կոմբինատի  գործունեությունը կազմակերպելու գործում: Լաբորատորիայում կատարվում են երկրաբանական և հետախուզական նմուշների, հարստացուցիչ ֆաբրիկա մտնող հանքաքարի, հարստացման արդյունքում ստացված միջանկյալ արտադրանքի, պատրաստի արտադրանքի և պոչանքների քիմիական փորձարկումներ: Հիմնականում որոշվում են մոլիբդենի և պղնձի զանգվածաբաժինները, անհրաժեշտության դեպքում՝ նաև պահանջվող խառնուրդների զանգվածաբաժինները: Լաբորատորիայում է որոշվում հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգիական պրոցեսներում օգտագործվող հակազդիչների ակտիվությունը: Կատարված փորձարկումների արդյունքներով հաշվում և իմանում ենք հարստացուցիչ ֆաբրիկայում հանքաքարից խտանյութի կորզման աստիճանը, որը կոմբինատի ամենակարևոր ցուցանիշն է, իսկ կորզումը՝ նպատակը: Լաբորատորիան եղել և մնում է հանքարդյունաբերական մեր ընկերության հայելին:

— Կարելի՞ է ասել՝ լաբորատորիայի գործունեության հիմքում առավելապես գիտական աշխատանքն է, կարելի՞ է ենթադրել, որ հիմնականում մասնագետներ են ընդգրկված աշխատանքում:

— Տարիներ առաջ լաբորատորիայում աշխատում էր 51 հոգի, հիմա՝ 113, որից 97-ը կանայք են: Կա աշխատանքների հստակ բաժանում, և յուրաքանչյուր ոք գիտի իր անելիքը: Իրականացվում են մասնագիտական դասընթացներ, լաբորանտների գիտելիքների բարձրացմանը միտված աշխատանքներ: Նոր տեխնոլոգիաները նաև նոր պահանջներ են առաջադրում կադրերին: Ինժեներատեխնիկական անձնակազմը հիմնականում քիմիական կրթություն ունի: Նոր ընդունվողները հնարավոր է ոչ մասնագետներ լինեն, որոնց, բնականաբար, վերապատրաստում ենք: Բայց վերահսկողությունը պարտադիր կարգով վերապահում ենք բարձրագույն կրթությամբ մասնագետներին:

— Հիմա Ձեր օգնությամբ կուզենայինք ծանոթանալ լաբորատորիայի կառուցվածքին:

— Լաբորատորիայում գործում են տարբեր բաժիններ, յուրաքանչյուրը՝ գործունեության հստակ շրջանակներով: Այսպես՝ տեխսպասարկման խումբ, ատոմա-աբսորբցիոն խումբ, քիմիական մշակման անալիզի խումբ, էքսպրես անալիզի խումբ, ռենտգենոֆլուորեսցեն և տիտրման անալիզի խումբ, քիմիական ռեագենտների անալիզի խումբ, ինդուկցիոն պլազմային անալիզի խումբ, ոսկու հարգորոշման անալիզի խումբ, նմուշների պատրաստման և քարի տեսակարար կշռի անալիզի խումբ: Ընդամենը՝ ինը բաժին կամ խումբ:

— Կարո՞ղ ենք գոնե ընդհանրական պատկերացում կազմել, թե որ բաժինը կամ խումբը ի՞նչ գործառույթներ է իրականացնում հիմնականում:

— Քիմիական մշակման բաժնում երկրաբանական, հետախուզական, հանքաքարի և պոչանքի նմուշները ենթարկվում են քիմիական մշակման, այնուհետև ատոմա-աբսորբցիայի և ինդուկցիոն պլազմայի բաժիններում որոշում են պահանջվող տարրերի զանգվածաբաժինները:

Էքսպրես բաժինը, որ աշխատում է շուրջօրյա, ունի ֆաբրիկայի տեխնոլոգիական գործընթացը վերահսկելու գործառույթ: Այդ բաժնում՝ համեմատաբար արագ մեթոդներով, կատարվում են քիմիական և ռենտգենոֆլուորեսցենային փորձարկումներ, և արդյունքներից ելնելով՝ համապատասխան միջամտություն է ցուցաբերվում ֆաբրիկայի տեխնոլոգիական գործընթացին:

Տիտրման և XRF ռենտգենոֆլուորագենտային բաժնում իրականացվում են պատրաստի արտադրանքի՝ մոլիբդենի և պղնձի խտանյութերի նմուշների փորձարկումներ: Ամենաճշգրիտ ստանդարտ մեթոդներով որոշվում են մոլիբդենի և  պղնձի պարունակությունները, խոնավության, յուղայնության, այլ տարրերի պարունակությունը:

— Այդ աշխատանքները որակյալ կատարելու համար, անշուշտ, արդիական տեխնիկական միջոցներ են պահանջվում, այլապես ոչ ճշգրիտ արդյունքներ կունենաք՝ դրանից բխող հետևանքներով:

— Լաբորատորիայում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Ամենագլխավորը՝ ձեռք են բերվել ժամանակակից և ճշգրիտ անալիզատորներ, բարձր ճշգրտության էլեկտրոնային կշեռքներ, էլեկտրոնային մուֆելային վառարաններ, չորացման պահարաններ, որակյալ ռեակտիվներ և ստանդարտ նմուշներ, որոնք էլ ապահովում են կատարվող աշխատանքների  ճշտությունը: Ձեռք ենք բերել ինդուկցիոն պլազմային անալիզատոր, որը մոտ 52 էլեմենտի անալիզի հնարավորություն ունի: Հիմնել ենք ոսկու անալիզի (հայտորոշման) լաբորատորիա: Կարելի է ասել՝ քայլում ենք համաշխարհային չափանիշներին համաչափ: Չկա գործիք, որի կարիքը լինի, ու մենք չունենանք: Տեխնիկական հագեցվածությամբ տարածաշրջանի լավագույն լաբորատորիան է:

— Մի հարց՝ բացահանքին առնչվող: Արդյո՞ք լաբորատորիայի տված գնահատականով է որոշվում, թե հանքաքարի հանույթը բացահանքի որ հատվածում պիտի իրականացվի:

— Տվյալ գործողությունը երկրաբանների պատասխանատվության տիրույթում է, նրանք են նմուշարկումներ անում և բերում նմուշների պատրաստման լաբորատորիա, որն առանձին բաժանմունք է:  Նմուշները չորացվելուց, մանրացվելուց հետո (մանրացվածության աստիճանը՝ մոտ 75 միկրոն) բերվում են անալիտիկ լաբորատորիա, և մենք որոշում ենք անհրաժեշտ տարրերի պարունակությունը: Արդյունքներից ելնելով է որոշվում, թե ինչ քանակի և ինչ բաղադրության հանքաքար պետք է մտնի ֆաբրիկա: Նաև որոշում ենք պոչանքներում առկա պղնձի ու մոլիբդենի պարունակությունը, պարզում, թե որքանով են կարողացել կորզել մոլիբդենը և պղինձը:

-Եվ այդ պրոցեսում հավանաբար պարզում եք, թե հանքանյութի մեջ ուրիշ ի՞նչ մետաղներ կան:

— Ունենք տեխնիկական այնպիսի զինվածություն, որ կարողանում ենք (հարկ եղած դեպքում) պարզել Մենդելեևի աղյուսակում գտնվող բոլոր էլեմենտների առկայության չափը:  Լուծում ենք այն խնդիրները, որոնք երկրաբանական դեպարտամենտի կողմից դրվում են մեր առջև: Եթե առաջադրվի, օրինակ, 52 էլեմենտի անալիզ, ապա ի վիճակի ենք անելու: Հիմա երկրաբանական անալիզներում 37 էլեմենտի անալիզ ենք անում:

— Դուք քանիցս ակնարկեցիք, որ ընկերության լաբորատորիան լավագույնն է տարածաշրջանում, որ այն զինված է նորագույն տեխնիկայով, որ տրված տեղեկությունները ճշգրիտ են… Փորձեք մի փոքր բացել այդ ամենը:

— Իսկապես, մեր տված արդյունքները ճշգրիտ են, որոնք բազմիցս հաստատվել են միջազգային ճանաչում ունեցող լաբորատորիաների կողմից: Այնպես որ՝ չափազանց պատասխանատու աշխատանք ենք կատարում, յուրաքանչյուր տված թվի համար պատասխանատվություն կրում:

— Իսկ քիմիական ռեագենտների հետ լաբորատորիան առնչություն ունի՞:

— Ինքը՝ լաբորատորիան, իր աշխատանքների համար օգտագործում է ռեագենտներ, բայց դրանք այն չեն, ինչ Դուք նկատի ունեք: Բայց մենք ստուգում ենք նաև արտադրություն ուղարկվող ռեագենտները: Նաև միջանկյալ ստուգման ենք ենթարկում հարստացման ընթացքում կիրառվող ռեագենտների լուծույթների պարունակությունը:

Նախկինում լաբորատորիան այդ փորձարկումները զուտ քիմիական մեթոդով էր իրականացնում: Հիմա՝ վերազինվելուց հետո, և՛ փորձարկումների ընթացքն է կրճատվել, և՛ աշխատանքն է թեթևացել, և՛ ավելի անվտանգ է դարձել, և՛ վերջնական արդյունքներն ավելի ճշգրիտ են արտացոլվում:

— Ու քանի՞ նյութ կամ ռեագենտ եք օգտագործում Ձեր առջև դրված խնդիրները լուծելու համար:

— Հիմնական օգտագործվող նյութերն են ազոտական թթուն և աղաթթուն, բայց կան այլ նյութեր ևս: Դրանք նախկինում բերվում էին 20 կամ նույնիսկ 60 լիտր տարողությամբ տարաներով: Ներկայումս՝ 2.5 լիտրանոց շշերով. այսինքն մարդկանց շփումը քիմիական նյութերի հետ նվազագույնի է հասցվել, աշխատանքն ավելի անվտանգ է դարձել: Մեկ անգամ ևս շեշտեմ՝ աշխատանքի անվտանգությունը մեզ մոտ առաջնահերթ խնդիր է:

Ցանկացած քիմիական փորձարկում տարիներ շարունակ կատարվում էր տարբեր մեթոդներով, բայց մեթոդներն էլ փոխվել են. զուտ քիմիական անալիզը վերափոխվել է ֆիզիկոքիմիականի:

— Նորից միջազգային չափանիշների մասին. ի՞նչ ասել է միջազգային չափանիշ լաբորատորիայի պարագայում:

— Մեր ոլորտում նշանակում է որակ և ճշգրիտ արդյունք: Դա երևում է այն ժամանակ, երբ ամսական մեկ կամ երկու անգամ նմուշները վերահսկման համար ուղարկում ենք ուրիշ լաբորատորիա՝ մեր աշխատանքը ստուգելու, ինքներս մեզ ստուգելու նպատակով: Այն նյութերը, որոնց հետ աշխատում ենք, պետք է ունենան միջազգային չափանիշներին համապատասխան որակական ցուցանիշներ: Լաբորատորիան էլ պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին՝ անհրաժեշտ կառավարման համակարգի մշակմամբ և ներդրմամբ:

— Կարողանո՞ւմ եք շփվել աշխարհի ճանաչված լաբորատորիաների հետ:

— Հետևում ենք ոլորտի զարգացումներին, փոփոխություններին: Դրական, հաջողված փորձը ձգտում ենք ներդնել մեզ մոտ: Ժամանակի հետ պահանջները նույնպես  մեծանում են: Մեր առջև դրվում է անալիզի արդյունքներն արագ ներկայացնելու պահանջ: Մեր սարքավորումները հիմնականում վերջին սերնդի սարքավորումներ են: Նոր սարքավորումներ ձեռք բերելու դեպքում՝ տվյալ ընկերության ներկայացուցիչներն այցելում են մեզ և աշխատակիցների հետ համապատասխան դասընթացներ կազմակերպում: Մի խոսքով՝ բազմաթիվ առաջարկություններ ենք ստանում, բայց պիտի տեղում որոշենք՝ որքանով են դրանք համապատասխանում մեր պահանջներին:

— Սյունիքում կամ հանրապետությունում կա՞ն հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք օգտվում են Ձեր լաբորատորիայի ծառայությունից:

— Այո, դրսից էլ ենք պատվերներ ստանում… Ի դեպ, նոր տեխնոլոգիաներ ներդնելուց հետո անալիզների ինքնարժեքը բավականին իջել է:

— Ի՞նչ կարևոր խնդիրներ ունի լաբորատորիան ներկայումս:

— Լաբորատորիայի շենքը պետք է վերանորոգենք, վերազինենք: Դրանից հետո կդիմենք հավատարմագրման՝ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 սերտիֆիկատ ստանալու համար: Դա հնարավորություն կտա դրսից ավելի շատ հաճախորդներ ունենալ: Մյուս կողմից՝ մեր տված արդյունքներն ավելի ընդունելի կլինեն միջազգային ասպարեզում:

— Գո՞հ եք Ձեր աշխատանքից:

— Սիրում եմ աշխատանքս…

Երբ 2003-ին Կապանի կոմբինատում ընդունվեցի աշխատանքի՝ որպես հալորդ ոսկու հարգորոշման բաժնում, բարդ աշխատանք էր: Մարտուն Հակոբյանն էր տնօրենը, շատ ենք չարչարվել… Ժամանակի ընթացքում տեխնիկական առաջադիմությունն իրենն ասել և ասում է:

Ավելի դյուրին է մասնագետների հետ աշխատելը: Հիմա, ասում են, քիմիական ֆակուլտետներում դիմորդներ շատ քիչ են լինում: Երբ քիմիայի մասնագետ է մեզ մոտ աշխատելու գալիս՝ ուրախանում ենք, մյուսներին ստիպված ենք լինում սովորեցնել:

— Ձեր և երկրաբանների միջև, ենթադրում ենք, անխուսափելի կլինեն հակասությունները:

— Երբեմն վիճելի հարցեր են առաջանում, բայց դրանք հակասություն անվանել չի կարելի: Ենթադրենք նրանց ուղարկած տվյալ նմուշի ցուցանիշը չի համապատասխանում մեր անալիզի արդյունքներով ստացված թվին, ստիպված ենք լինում այդ ամբողջ խմբաքանակը վերադարձնել կրկնակի փորձաքննության… Նման հարցեր…

— Ուրիշ ի՞նչ առանձնահատկություններ ունի լաբորատորիան, որոնց կցանկանայիք անդրադառնալ:

— Լաբորատորիայի նորմալ գործունեության համար կարևոր են մաքրությունը, աշխատանքի անվտանգությունը, պատասխանատվությունը, օդափոխությունը, հակահրդեհային պաշտպանությունը…

Եթե քիմիական նյութերի հետ ես շփվում, ապա պարտավոր ես դիմակ, ակնոցներ և ձեռնոցներ կրել…

Դժբախտ դեպքեր, փառք Աստծո, չեն եղել, հետևում ենք անվտանգությանը, նաև ընկերության անվտանգության բաժինն է ամենօրյա հսկողություն իրականացնում: Օրական 2 հազար նմուշի անալիզ անելու հնարավորություն ունենք, դա շատ մեծ ծավալ և նուրբ աշխատանք է, այնպես որ՝ ամեն ինչ պետք է ճիշտ կազմակերպել: Չմոռանամ ասել՝ Կապանում էլ ունենք լաբորատորիա, որը որոշում է ներկրվող ռեագենտների պարունակությունները: Էքսպրես լաբորատորիան էլ գտնվում է հարստացուցիչ ֆաբրիկայում և աշխատում է շուրջօրյա գրաֆիկով:

Թերթի ստեղծագործական խումբը, լաբորատորիայում շրջագայելիս և աշխատակիցների հետ շփվելիս զրույց է ունեցել նաև լաբորատորիայի փորձառու  ինժեներ Աշխեն (Նելլի) Դավթյանի հետ, ով 30 տարի շարունակ զբաղեցնում է քիմիական լաբորատորիայի գլխավոր ինժեների պաշտոնը: Պարզվում է՝ տիկին Աշխենը պատրաստվում է առաջիկայում վաստակած հանգստի անցնել:

-Մի՞թե պրոֆեսիոնալներին այդքան հեշտությամբ բաց են թողնում:

— Երբ 1984-ին լաբորատորիայում ընդունվել եմ աշխատանքի՝ ինձ շատ լավ են վերաբերվել, ու տարիների ընթացքում կայացել եմ, իմ պարտականությունների կատարման մեջ հմտացել: Եվ հետագայում իմ փորձը սիրով փոխանցել եմ երիտասարդներին,- պատմում է Աշխեն Դավթյանը: — Այսպիսի մի կարգ է գործել և գործում լաբորատորիայում՝ չլինի մեկը, որ իր սեփականությունը կամ իր մենաշնորհը համարի տվյալ սարքավորման շահագործումը կամ տվյալ մեթոդի կիրառումը: Յուրաքանչյուր ոք իր իմացածը պետք է փոխանցի մյուսներին և հատկապես երիտասարդներին: Ես այդ սկզբունքով ու նման մթնոլորտում եմ աշխատել: Եվ հիմա լաբորատորիայում կան բավականին լավ երիտասարդ մասնագետներ, կարող ուժեր, ովքեր լավագույնս են տիրապետում տեխնոլոգիաներին: Ասելս այն է, որ ինձնից հետո նրանք շարունակելու են գործս, շարունակելու են ավանդույթները, և ոչ մի բան չի տուժելու: Դրանից ես ինձ լավ եմ զգում, բավարարված:

Լաբորատորիան միշտ մեր տունն է եղել: Գործընկերներիս նաև մի հորդոր եմ հղել՝ ներսի թերությունները վերացնել սեփական ուժերով և այդ բացը դուրս չհանել:

Լաբորատորիան, որ հասել է այս մակարդակի ու ճանաչման, նախևառաջ Գրենիկ Փարամազյանի շնորհիվ է: Նա է եղել հիմնադիրը, տարածաշրջանում ճանաչված մասնագետ էր 1980-ականներին,որը երկար տարիներ ղեկավարել է լաբորատորիան:

1992-ից լաբորատորիայի ղեկավարումը ստանձնել է Ռիմա Սարգսյանը. գիտելիքներով հարուստ, խստապահանջ ղեկավար էր:

Թև թևի տված մենք ապահովել ենք լաբորատորիայի պատշաճ գործունեությունն ու առաջընթացը: Այնպես որ՝ կուզենայի լաբորատորիայի պատմության մեջ մշտամնա տեղ զբաղեցնեին Գրենիկ Փարամազյանի և Ռիմա Սարգսյանի անունները:

Աշխեն (Նելլի) Դավթյանը դրվատանքով է խոսում նաև լաբորատորիայի ներկայիս ղեկավարի՝ Արման Ոսկանյանի մասին:

— Մենք սիրով ընդունեցինք Արման Ոսկանյանին, շատ համեստ մարդ է, հրաշալի անձնավորություն, բոլորի հոգսերն իրենը համարող, բարությամբ լցված:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print