Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից 2022 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիների համեմատ աննախադեպ ցուցանիշ է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։
«Վարույթ ընդունված և քննված քրեական վարույթներով է անցնող տարվա ընթացքում վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ: Հատկանշական է, որ ոլորտն առաջին անգամ է նման շոշափելի արդյունք ապահովվել: Համեմատության համար նշվում է, որ 2021 թվականի ընթացքում վերականգնվել է շուրջ 5 մլրդ դրամ, 2020 թվականին՝ շուրջ 2,5 մլրդ դրամ, 2019-ին՝ շուրջ 5,8 մլրդ դրամ, 2018 թվականի ընթացքում՝ շուրջ 8,5 մլրդ դրամ, իսկ 2017 թվականին վերականգնվել է մոտ 8,5 մլրդ դրամ պետությանը պատճառված վնաս»,– ասված է հաղորդագրությունում:
ՊԵԿ քննչական վարչությունում քննված քրեական վարույթները վերաբերել են հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում իրականացրած տնտեսական գործունեության տարբեր ճյուղերին (ներմուծում-արտահանում, հանքարդյունահանում, ծառայությունների մատուցում, առևտուր, գույքի օտարում, մաքսանենգության դեպքեր և այլն): ՊԵԿ քննչական վարչությունում հաշվետու ժամանակաշրջանում քննվել են նաև փողերի լվացման, խարդախության հանցակազմերով քրեական վարույթներ։ Դրանց քննության արդյունքներով հարուցված հանրային քրեական հետապնդումների հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել տարբեր անձանց, 35 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազներին՝ վարույթները դատարան ուղարկելու համար: