Արցախին 500 000 ԱՄՆ դոլար մարդասիրական աջակցություն կտրամադրվի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով հիմնադրամի մամուլի ծառայությանը։

Հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունն առաջացել է դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։

Նիստը վարել է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամները, ինչպես նաև հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։

«Քննարկումների ընթացքում ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն հայտնեց անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։

Ներկայացվել են Արցախին օգնություն տրամադրելու հնարավոր ուղիներն ու եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print