Արցախցիներին աջակցելու նպատակող աշխատանքային խումբ կձևավորվի․ Փաշինյան

ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել։ Նա այդ մասին ասաց կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ, փոխանցում է Sputnik Արմենիան։

«Աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Դրա խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հումանիտար աջակցություն ցուցաբերելն է լինելու` այդ թվում միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,–ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով` աշխատանքային խմբում կընդգրկվեն առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ՏԿԵ նախարարները և այլ գերատեսչությունների ղեկավարներ։

Փաշինյանն ասաց նաև, որ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է ԼՂ–ին 4 մլրդ դրամի աջակցություն ցուցաբերելու հարցը։

ՀՀ վարչապետը նշեց, որ Լաչինի միջանցքի` շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ–ում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է, ԼՂ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված` հայտնվելով բլոկադայի տարբեր կողմերում։ Նրա խոսքով` առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվում են, հանրային օբյեկտներում սննդի սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։

Վարչապետը հայտնեց` հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը պետք է ամենօրյա աշխատանքի մասը դառնա, և գործընկեր պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է տեղեկացված լինեն հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print