Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «Իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»։
Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը, սակայն, հայկական կողմի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։
«Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք Ռուսաստանի Դաշնության և մյուս միջազգային գործընկերների հետ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։ Պետք է նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը»,- եզրափակեց Փաշինյանը։