«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի տնօրենը չարաշահել է պաշտոնեական լիազորություններ, փոխանցում է Aravot.am-ը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ճշտելուց հետո՝ պարզվել է, որ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի թվով 7 աշխատակիցներ պարբերաբար չեն ներկայացել աշխատանքի, բայց վարձատրվել են խոշոր չափի գումարներով։ Նշվում է նաև, որ ՊՈԱԿ-ում չարաշահումներ են կատարվել նաև վառելիքի բաշխման գործընթացում:
Տեղեկություն է ստացվել նաեւ, որ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի կողմից սպասարկվող տարածքում համապատասխան գործունեություն ծավալող ձեռնարկությունների աշխատակիցներին սանիտարական գրքույկներ տրամադրելու գործընթացը հիմնարկի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացնելու փոխարեն տնօրենի ցուցումով դրանք տեւական ժամանակ իրականացվել է միայն տնօրենի տեղակալի կողմից։
Հավելենք, որ վերոնշյալ տնօրենը պաշտոնավարում է 2005 թվականից։ Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն՝ հետագա քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: