Պատերազմի հետևանքով կորցրած անասունների համար սյունեցիները աջակցություն են ստացել

Սյունիքի մարզի Կապան, Տեղ և Գորիս համայնքների բնակիչներն, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել էին իրենց անասուններին, սոցիալական աջակցություն են ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից։

«Սյունիքի մարզպետի 2022թ․ դեկտեմբերի 29-ի որոշմամբ սոցիալական աջակցություն է տրվել Սյունիքի մարզի Կապան, Տեղ և Գորիս համայնքների այն բնակիչներին (124 քաղաքացի), որոնց գյուղատնտեսական կենդանիները 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում անկել են հրետակոծությունից, անցել են հայ-ադրբեջանական շփման գիծը և 2022թ․ սեպտեմբերի 12-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ հայտնվել են հակառակորդի տիրապետության տակ»,-ասված է հաղորդագրությունում։

Մարզպետարանից հայտնում են, որ բնակիչների կրած կորուստները գույքագրվել և ուսումնասիրվել էին մարզպետարանի մասնագետների կողմից, ու խնդրին լուծում տալու համար Սյունիքի մարզային իշխանությունը դիմել էր ՀՀ կառավարություն։

Վերջինիս որոշմամբ էլ տուժած բնակիչներին աջակցելու համար հատկացվել էր 288 մլն 385 հազար դրամ։ Մարզպետարանի կողմից տվյալ աջակցության փոխանցումն արդեն արված է, ու բնակիչները կարող են ստանալ գումարները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print