Հայաստանում այս պահին դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն: Այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Վերջինիս խոսքով՝ ՌԴ-ում և Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը, որը ծանր ընթացք ունի: «Եթե ժամանակին չդիմել բժշկական օգնության և սպասարկման, վիրուսը կարող է մահվան հանգեցնել: Գրիպ A տեսակն ավելի շատ խոցում է երեխաներին»,-նշեց Աբովյանն ու տեղեկացրեց՝ ըստ վիճակագրական տվյալների՝ հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում կա թոքաբորբով հոսպիտալացված 209 բուժառու: Նրանցից 127-ը՝ շուրջ 60 տոկոսը, 0-18 տարեկան է:
Աբովյանն ընդգծեց՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում կա 55 պացիենտ: Նրանցից 47-ը 0-18 տարեկան երեխաներն են: Հիվանդանոցների բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 բուժառու: Նրանց 96 տոկոսը 0-ից 18 տարեկան պացիենտներն են:
Նա կրկին հորդորեց սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության և սպասարկման, քանի որ կան դեպքեր, երբ բավականին ծանր կլինիկական ախտանշաններով ու ընթացքով են դիմում բժշկական օգնության ու սպասարկման, ինչի պատճառով պացիենտին փրկել չի ստացվում: