Հայաստանի կոչերը՝ «Ադրբեջանի տարածք» ուղարկել միջազգային առաքելություն, Բաքուն գնահատում է որպես հերթական սադրանք

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ հայտարարությանը, տեղեկացնում է Aravot.am-ը:

«Հայաստանի ԱԳՆ 2023թ. հունվարի 3-ի հերթական հայտարարությունը Լաչինի ճանապարհին ցույցերի վերաբերյալ, միանգամայն անհիմն են և ուղղված են միջազգային գործընկերներին մոլորության մեջ գցելուն և իրավիճակն արհեստականորեն սրելուն: Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել աղավաղումներով լի հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբերի ցույցերի հետ՝ ընդդեմ մեր բնական հարստությունների թալանի փաստի: Հայկական կողմը նախկինի պես շահագրգռված է շարունակելու անօրինական տնտեսական և այլ գործունեությունն Ադրբեջանի տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ:

 Բաքուն հերթական անգամ ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքում բոլոր բնական ռեսուրսները պատկանում են միայն Ադրբեջանին», և «էկոակտիվիստների» ցույցերի նկատմամբ ցանկացած արտահայտություն դիտվում է որպես միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքների և նորմերի խախտում, ինչպիսիք են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք երկրի սահմանադրության նկատմամբ, ինչը միանգամայն անթույլատրելի է:

Այդ կապակցությամբ ԱԳՆ-ից նշել են, որ Հայաստանի կոչերը «Ադրբեջանի տարածք» ուղարկել միջազգային առաքելություն, Բաքուն գնահատում է որպես հերթական սադրանք երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ:

«Ադրբեջանը ևս մեկ անգամ կոչ է անում Հայաստանին հետևել իր պարտավորություններին, որոնք բխում են միջազգային իրավունքից և Եռակողմ հայտարարությունից, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, և դադարեցնել ագրեսիվ քաղաքական և ռազմական սադրանքները: Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման հարցում սկզբունքային և հետևողական է, այդ քայլերը՝ հիմնված միջազգային իրավունքի և ձևավորված միջազգային փորձի վրա, կշարունակվեն»,- ասվում է հայտարարության մեջ:


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print