Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, սակայն ամենախոր և իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում: Կառավարության նիստի մեկնարկից առաջ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր։ ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը, միջանցքն ապաշրջափակելու կոչերը միջազգային լայն արձագանք է հարուցել։ Չնայած այս հանգամանքին, Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ Ադրբեջանն այսպիսով կոպտորեն խախտում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրային ունակության վերաբերյալ։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը փորձում է ՀՀ-ին վերագրել պարտականությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է»,-ընդգծեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանն էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու` Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։
Փաշինյանը հավելեց` ավելի առարկայական քայլեր են ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում, և Լաչինի միջանցը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։