Կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ծրագրից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավանեսյանի խոսքով՝ մինչ այդ ծրագրի շահառուների շրջանակը լայն չէր. նախապատվությունը տրվում էր զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։
«2020 թվականին մեկնարկած «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Նոր նախագծով առաջարկվում է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» անկախ բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից, ամուսնական կարգավիճակից բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան հաղթահարել անպտղությունը»,- ասաց Ավանեսյանը։
Ըստ նոր կարգավորումների`
- 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ:
- 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն:
- սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգերին, որոնցից կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է, կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն:
Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու լրացուցիչ պահանջ:
Նիստի ընթացքում հստակեցվեց նաև, որ երկրորդային անպտղություն ունեցող և ոչ սահմանամերձ բնակավայրերում ապրող մյուս քաղաքացիները ևս ժամանակի ընթացքում կդառնան ծրագրի շահառու: