ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է համարում օդային բեռնափոխադրումների արգելքը չեղարկելու մասին Թուրքիայի հայտարարությունը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարևոր է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցութուններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ առաջիկայում նաև կբացվի հայ–թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
Այս իրադարձության ֆոնին ՀՀ վարչապետը կարևորեց նաև աշխարհում տեղի ունեցող լոգիստիկ շղթաների փոփոխությունը։
«Կարծում եմ` այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումնրի առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում»,– ասաց Փաշինյանը` այդ իմաստով կարևորելով նաև հայ–թուրքական երկաթգծի բացումը։
«Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվելու այս ճանապարհով։ Պետք է արձանագրեմ պատրաստակամությունը նաև Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ։ Մենք դրան պատրաստ ենք»,-հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին։