Հայաստանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրի, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը։
Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է կարմիր գիծը, որի դեպքում կհրաժարվեի ստորագրել խաղաղության պայմանագիրը, Փաշինյանը նշեց․
«Եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, ես կասեի, որ արդեն ստորագրել եմ, կամ վաղը պատրաստվում եմ ստորագրել: Մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին եւ դեռ պատասխան չենք ստացել: Մի քանի անգամ եղել է, որ աղմուկ է բարձրացել, որ կառավարությունը պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել: Ես ասում եմ՝ հակառակը, եթե սեղանին թուղթ լինի, որը պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի, որովհետեւ դա կնշանակի, որ հաջողվել է գալ մի կետի, որտեղ բալանսավորված համարել ենք, որ ՀՀ շահերը պաշտպանվում են»:
ՀՀ վարչապետի խոսքով հիմա խնդիրը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլ դրա իրագործման մեխանիզմը:
«Միայն թուղթ ստորագրելը բավարար չէ: Հարցն այն է, թե ստորագրված թուղթը ինչքանո՞վ է բերելու խաղաղության: Եթե այդ թղթի կիրառման եւ իրագործման մեխանիզմներ չլինեն, մենք կարող է խաղաղության պայմանագիր անունով թուղթ ստորագրենք եւ մեկ շաբաթ հետո ստանանք էսկալացիա կամ պատերազմ: Ես շատ կուզեի, որ այսօր ունենայինք թուղթ եւ այսօրվա ասուլիսը լիներ այդ խաղաղության պայմանագրի դրույթների մասին»,-հայտարարեց Փաշինյանը: