Ոչ մեկ չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում․ Փաշինյան

ՀՀ իշխանությունը ռուս խաղաղապահներին չի քննադատում, այլ միայն նրանց գործունեության վերաբերյալ իր մտահոգություններն է արտահայտում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի։

 «Մենք խաղաղապահներին չենք քննադատում, այլ մեր մտահոգույթւոններն ենք հայտնում, որոնք վաղուցվա ծագում ունեն։ Ոչ մեկ չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում: Բայց մենք ունենք Փառուխի դեպքերի նախադեպը, երբ ադրբեջանցիները մուտք են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և մենք, ըստ էության, ոչ մի արձագանք չենք տեսել: Բացի այդ, խաղաղապահների պատասխանատվության գոտում` Խծաբերդում, ՀՀ քաղաքացիներ գերեվարվեցին»,–ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով` Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ: Այսինքն, սրանք հարցեր են, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է պատասխան ստանան.«Լավ, մենք բերաններս ջուր առած-նստա՞ծ ենք, թե զբաղվում ենք այս հարցերով։ Մենք այս հարցերով զբաղվում ենք, և ոչ թե ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի, այլ խաղաղապահների գերագույն հրամանատարի հետ»։

Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ, ինչն ակնհայտ է։

Միաժամանակ, Փաշինյանը հիշեցրեց, որ եռակողմ հայտարարությունը հստակ ձևակերպում է, որ Լաչինի միջանցքը մնում է խաղաղապահների վերահսկողության ներքո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print