Մենք ենթադրում ենք ունենալ համակարգ, որը թույլ կտա թողարկել իդենտիֆիկացիայի քարտեր, որոնք կպարունակեն ավելի շատ տեղեկատվություն, քան այսօրվա անձնագիրն է՝ տրադիցիոն: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ փոխվրչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով թվային տեխնոլոգիաներին ու նոր սերնդի նույնականացման քարտերին:
«Նպատակ կա ունենալ կրիչ, որը պարունակի ամբողջ այն տեղեկատվությունը, որ քաղաքացուն անհրաժեշտ է լինելու տարբեր իրավիճակներում ու գործարքներում»,-ասաց փոխվարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց, որ նոր համակարգը պետք է թույլ տա բացառել նույնականացման քարտը ձեռքի տակ ունենալու անհրաժեշտությունը:
«Ներհայաստանյան կյանքում նույնականացման քարտ քաղաքացուց չպետք է ուզեն: Նրա բջջային հեռախոսի վրա պետք է լինի հավելված, որի ինֆորմացիան բոլոր անհրաժեշտ տեղերում արտացոլվի»,-ասաց նա: