ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը 2022 թվականին աննախադեպ է եղել։ Այսօր այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Արմեն Սիմոնյանի խոսքով ընդհանուր առմամբ 2022-ին ՀՀ ժամանած և մեկնած ուղևորների թիվը կազմել է 3 մլն 697 հազար 539 մարդ։
«Նրանցից 1 մլն 458 հազար 718 ուղևոր մեկնել է ռուսական ավիաընկերություններով, իսկ Հայաստանի գրանցման ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղևոր։ Նշեմ, որ 1.322 մլն ուղևոր էլ մեկնել է այլ երկրների ավիաընկերություններով»,– ասաց Սիմոնյանը։
Ավիաընկերությունների տասնյակը գլխավորում է «FlyOne Armenia»–ն (458 հազար 500 ուղևոր), երկրորդ տեղում է ռուսական «Azimuth»–ը, երրորդը` «Աերոֆլոտը», ապա «Red wings»–ը, «Armenia aircompany»–ն, «Utair»–ը, «Wizz air»–ը, «Rossiya»–ն, «Fly Dubai»–ը և «Aegean»–ը։ Հայկական «Fly Arna» ավիաընկերությունը չի ընդգրկվել տասնյակում, քանի որ այն 2022 թվականի հուլիսից է սկսել գործել, սակայն ներառվել է հայկական ավիաընկերությունների հնգյակի 4-րդ հորիզոնականում։