Արցախի գործընկերների հետ առցանց քննարկում հնարավոր է․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

ՀՀ ագզային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստան-Արցախ երկու խորհրդարանների պատգամավորների առցանց քննարկման հնարավորությունը: Այս մասին Սիմոնյանն ասաց ԱԺ նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, փոխանցում է Sputnik Արմենիան։

«Նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած դեպքերի պատճառով հետաձգվեց։ Ստեղծված իրավիճակում էլ (Լաչինի միջանցքը փակ է, Արցախը շրջափակված,– խմբ.) նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,– ասաց Սիմոնյանը։

Արծվիկ Մինասյանն առաջարկեց պատգամավորների խմբով մեկնել Արցախ, որպեսզի միջազգային հանրությունն էլ տեսնի, որ Հայաստանը նույնպես հանձնառու է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից։

ԱԺ նախագահը նշեց՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի պատկերացնում, թե մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել:

«Իսկ առցանցի մասին կարելի է քննարկել, հասկանալ: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ապա՝ ինչու ոչ»,-ասաց Սիմոնյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print