Առաջարկվում է հստակեցնել «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը՝ ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախագիծն արդեն ստացել է կառավարության և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
«Նախագծով հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են ՀՀ–ում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու դրա լիազորությունները: Ըստ էության, սա միջազգային ստանդարտների համաձայնեցումն է ներպետական օրենսդրությանը։ Այս փոփոխություններով ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր մարզիկները չորակազրկվեն»,–ասաց Գաբրիելյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ կառավարությունը պայքարում է դոպինգի դեմ և չի խրախուսում այդկերպ ձեռք բերված հաջողությունը. «Հայաստանում վերջին տարիներին դրական դոպինգ պատասխաններ չեն եղել։ Ի դեպ, դոպինգ է համարվում, եթե անգամ մարզիկը հրաժարվում է հանձնել թեստը։ Յուրաքանչյուր մրցումից հետո չենք վախենում, որ մի շաբաթ հետո մեդալը կարող են հետ վերցնել, մենք էլ խայտառակ լինենք»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ Համաշխարհային հակադոպինգային հանձնաժողովի նախագահ, օլիմպիական չեմպիոն Վիտոլդ Բանկան ՀՀ կայցելի։