Էլեկտրամոբիլների լիցքավորման կետերը կավելանան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Այսօր ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Էներգետիկայի մասին օրենքում» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Օրենքի փոփոխությամբ կարգավորվում է Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունների գործառույթը։

Դրանք այսուհետ կդիտարկվեն ոչ թե որպես էլեկտրաէներգիա վերավաճառողներ, այլ սպառողներ։ Դրա համար «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով թվարկված սպառողների շարքում առաջարկում է ավելացնել «էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» արտահայտությունը։

Այս փոփոխությամբ կառավարությունում հաշվի են առել այն հանագամանքը, որ լիցքավորման կետերն այսօր ոչ թե էլեկտրաէներգիա են վաճառում, այլ իրենց մատուցված էլեկտրաէներգիան փոխանցում են մեկ այլ սպառողի` զրոյական սակագնով։ Այլ կերպ ասած` վաճառում են լիցքավորման ծառայությունը, այլ ոչ թե էլեկտրաէներգիան։

Ուստի, Կառավարությունը փորձում է հեշտացնել կարգավորումն ու դրանով խթանել լիցքավորման կետերի ավելացումը։ Բայց եթե որևէ տնտեսվարող էլեկտրամոբիլների լիցքավորման հաշվին այնքան սպառում ապահովի, որ ցանկանա հանդես գալ որպես էլեկտրաէներգիա վերավաճառող, ապա իրավունք կունենա էլեկտրաէներգիաարտադրողի հետ վերավաճառքի պայմանագիր կնքել` իրավակարգավորման ու սակագնային այլ դաշտ տեղափոխվելով։

Հիշեցնենք, երեկ ԱԺ նիստում ՀՀ ՏԿԵ Հակոբ Վարդանյանը նշել էր, որ անհրաժեշտ է հեշտացնել էլեկտրամեքենաների լիցքակայանների աշխատանքը։ Փոխնախարարը նշել էր, որ լիցքակայանները զուտ տեխնիկապես են էլեկտրաէներգիա վաճառում։ Հետեւաբար, դրանք պետք է ստանան համապատասխան լիցենզիա, իսկ կարգը չափազանց դժվարացված է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print