Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում․ Կապանի քաղաքապետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Սյունիքի մարզի Տաթեւ համայնքով Կապան հասնելը շարունակում է լրջագույն խնդիր մնալ: Կապանցիների ճանապարհն այս ուղիով ոչ միայն երկարել է, այլեւ` դժվարանցանելի դարձել, մինչդեռ այդ ճանապարհի հույսին են մնացել նաեւ իրանական բեռնատարները: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ:

— Պարոն քաղաքապետ, ճանապարհի հետ կապված խնդիրն ինչպե՞ս է անդրադառնում Կապանի բնականոն կյանքի վրա:

— Իսկապես, բավականին լուրջ խնդիրներ կան` ճանապարհի հետ կապված: Այն դժվարանցանելի ճանապարհ է: Տաթեւով կառուցված ճանապարհը նախատեսված չէր բեռնատար մեծ մեքենաների համար եւ հատկապես ձմռան սեզոնին շատ են լինում խցանումներ ու խնդիրներ են առաջանում: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, մեծ հաշվով, պատերազմից հետո արդեն իսկ նկատվում էր այցերի պակաս: Այսինքն` այդ առումով էլ լուրջ վնաս է կրել Կապանը: Ներկա դրությամբ` այլընտրանքային ճանապարհներ են մշակվում, հատկապես բեռնատար մեքենաների շարժը թեթեւացնելու համար:

— Ուշացած չէ՞ հիմա նոր խոսել այլընտրանքային ճանապարհների մշակման մասին, երբ 2020 թվականի պատերազմից անցել է արդեն 2,5 տարի:

— Եթե հետադարձ հայացք գցենք, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ապա պետք է հիշենք, որ Որոտանով ճանապարհը գործում էր, եւ թվում էր, թե երաշխավորված էր այդ ճանապարհի անցանելիության ապահովումը: Բայց դեպքերը զարգացան այնպես, որ մի օր ադրբեջանցիները որոշեցին մաքսակետ տեղադրել եւ Որոտանի հատվածը փակել` դրանով իսկ մեծ խնդիր առաջացնելով մեր համար: Դրա համար ավելի շատ ժամանակի խնդիր կար` այդ այլընտրանքային ճանապարհները կառուցելու հետ կապված:

— Ինչպե՞ս կգնահատեք այսօր առկա անվտանգային միջավայրը Կապանում` հաշվի առնելով, որ արդեն գրեթե 40 օր է, ինչ փակ է Բերձորի միջանցքը:

— Ընդհանուր առմամբ շարունակում է մնալ նույնը: Գաղտնիք չէ, որ անվտանգային առումով իրավիճակը շարունակում է մնալ լուրջ եւ լարված:

— Ադրբեջանական սարդանքներ, առաջխաղացման փորձեր կա՞ն այն հատվածներում, որոնք դիտարկվում են իրենց դիրքերի կողմից:

— Վերջին լուրջ մարտական գործողությունները եղել է սեպտեմբերի 13-14-ին: Իհարկե, միջդիրքային կրակոցներ դրանից հետո էլ եղել են, բայց դրանք մեծ հաշվով պարբերական բնույթ են կրում: Ամեն դեպքում, սեպտեմբերի 13-14-ից հետո` որեւիցե դիրքային առաջխաղացում կամ փոփոխություն չի արձանագրվել:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print