Լավրովը կոչ է արել Ադրբեջանին շուտափույթ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջհետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Ադրբեջանին շուտափույթ կերպով ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։

Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ նշված չափորոշիչների։

Ընդգծվել է նաև բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ նպատակ ունենալով վերսկսել համակարգային աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային ուղղություններով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։

 
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print