Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ են միջազգային հանրության գործուն քայլերը․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից

Կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մտքեր փոխանակել նույն օրը կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի շուրջ: 

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը: 

Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ֊ն՝ իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ հետ համագործակցության ծրագրերին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print