Լաչինի միջանցքը պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո։ Արցախպրես գործակալության հարցմանն ի պատասխան այսպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ-ն։
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Վ. Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները:
Պատասխան. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո։ Այսպիսով, եռակողմ հայտարարությունը հենց ռուսական խաղաղապահ զորախմբին է լիազորում վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Կասկած չկա, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ունի բոլոր անհրաժեշտ, այդ թվում` տեխնիկական հնարավորությունները ստուգելու տրանսպորտային միջոցները՝ միջանցքի անվտանգ գործունեությունն ապահովելու նպատակով։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը՝ առանց որևէ սահմանափակումների։