ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ազատվել է պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի կայքից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Վահրամ Գրիգորյանին ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,–գրված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Հանրային հեռուստաընկերությունը նշել է հետևյալ պաշտոնյաների ազատման մասին` 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան:
Նշվում է, որ հրդեհի կապակցությամբ Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն նաև բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը: