Չմշակված կաշվի արտահանման արգելքը Հայաստանից կերկարացվի ևս կես տարով։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում, հայտնում է Sputnik Արմենիան։
Արգելքը նոր որոշմամբ կգործի 2023 թվականի հունվարի 20-ից հուլիսի 20-ը։
Արտահանման արգելքի ժամկետի երկարացումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է նրանով, որ կաշվի արտահանումն արգելելուց ի վեր ՀՀ տարբեր վերամշակող ընկերություններ 382 583 կգ չմշակված տավարի և 6275 հատ չմշակված ոչխարի կաշի են ընդունել, իսկ վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալն աճել է 5-6 անգամ՝ կազմելով մոտ 206 մլն դրամ: Տեղական ընկերություններն ամբողջությամբ օգտագործել են տեղական հումքը՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։
Հիշեցնենք` կաշվի արտահանումը սահմանափակող առաջին որոշումն ընդունվել էր 2021 թվականի հունիսին և պարբերաբար երկարացվել էր մինչև 2023 թվականի հունվարի 8-ը։