Ադրբեջանի կեղծ «բնապահպանական» օրակարգը կարծես թե սպառում է իրեն առնվազն քաղաքական-դիվանագիտական հարթության մեջ։ Դրա մասին են վկայում տարբեր երկրների ինչպես պետական, այնպես էլ՝ քաղաքական, հանրային մակարդակով դատապարտող հայտարարություններն ու շրջափակումը դադարեցնելուն ուղղված կոչերը։ Արցախից հստակ ուղերձներ են հնչում, որ չեն պատրաստվում տուրք տալ ադրբեջանական սպառնալիքներին եւ հրաժարվել ինքնորոշման իրավունքից, այսինքն՝ բոլոր տեսակի ճնշումները չեն ստիպելու արցախցուն հեռանալ իր հայրենիքից։
Ադրբեջանի իշխանությունները, սակայն, սկսել են ակտիվորեն զարգացնել հերթական կեղծ օրակարգը՝ «Արեւմտյան Ադրբեջանը», որի հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն է, եւ մասնավորապես Սյունիքը։ Այս հարցում Ադրբեջանին անմիջական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան։ Երեկ Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջահիդ Բաղչին հանդիպում է ունեցել «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։ Առաջադեմ երկրի տպավորություն ստեղծելու նպատակով «համայնքն» ունի անգամ կանանց խորհուրդ, որը հունվարի 21-ին կայացած առաջին նիստի ժամանակ Ալիեւի զավթողական նպատակները փորձել է քողարկել Կանանց, խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ներքո։
Տարբեր առիթներով Բաքվի բռնապետը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Սյունիք ու Երեւան զավթել «խաղաղ» ճանապարհով, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական վիճակագրության փոփոխմամբ։ Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 24-ին, երբ Ալիեւն իր ծննդյան օրը հրապարակայնորեն հայտարարեց «Արեւմտյան Ադրբեջան» «վերադառնալու» մասին՝ մեկ անգամ եւս ցույց տալով խորհրդանշական օրերի նկատմամբ հիվանդագին հակումը։ Իր ելույթում Ալիեւը հավակնություն էր հայտնել Հայաստանի հարյուրավոր բնակավայրերի նկատմամբ, որոնցից մոտ 90 գյուղում ակնկալում է ունենալ մեծամասնություն, բնականաբար, իրենց հատուկ բնական աճի բարձր տեմպերի հաշվին։ Սակայն ժամանակ չկորցնելու մոլուցքով տարված՝ Ալիեւը մոռանում է Բաքվից, Սումգայիթից, Նախիջեւանից եւ խորհրդային տարիներին հայկական այլ բնակավայրերից բռնաճնշումների, հալածանքների եւ ջարդերի հետեւանքով հեռացած հայերի եւ նրանց ժառանգների իրավունքները հարգելու մասին։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում