Արցախում գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Աղբյուրի փոխանցմամբ, խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին:
«Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգանումը»,-նշվում է հաղորդագրությունում:
Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք: