Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսության վերսկսման շնորհիվ հնարավոր կդառան հասնել տևական խաղաղության։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենն, ինչն ամենաարդյունավետ է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:

Պատասխանելով մեկ այլ հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից մեկը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակն է։

«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առևտրային և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները»,-նշել է Փրայսը՝ հավելելով, որ բնական գազի մատակարարման և այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն էլ ավելի են սրում վատթարացող հումանիտար իրավիճակը:

«Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- հայտարարել է Նեդ Փրայսը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print