Ադրբեջանի Սաբունչի գյուղում բնակիչների կյանքը թունավորում են մազութով և աղբով

Ադրբեջանի Սաբունչի գյուղի բնակիչները արդեն իսկ ահաբեկված են նախագահ Իլհամ Ալիևի նավթավերամշակման գործարանների թափոններով, տեղեկությունը փոխանցում է Արմենպրեսը՝ հղում անելով ադրբեջանական Haqqin.az կայքին։

Ադրբեջանցի լրագրողներից մեկը դեպքի վայրից ռեպորտաժ է պատրաստել «Սաբունչիի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով, որտեղ նշում է, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների մոտ վաղուց արդեն ձևավորվել է այն զգացողությունը, որ իրենց տները գտնվում են գործող նավթահանքերի կենտրոնում, որն աղբանոցի է վերածվել։ Մոտակայքում գտնվում է չորս հեկտար զբաղեցնող մազութի լճակ, որտեղ բնակիչները աղբ ու կենցաղային թափոններ են թափում:

Տեղացիները պատմում են՝ ամռանը սարսափելի գարշահոտության պատճառով, որով ներծծված է այդ տարածքը, Սաբունչիում շնչելը պարզապես անհնար է։

«Նույնիսկ մի փոքր անձրևը ջրհեղեղ է առաջացնում։ Լճակի ջրանցքը լցված է աղբով և թափոններով: Նույն պատկերն է ձյան հալվելուց հետո։ Աշնանը և ձմռանը անելանելիությունից մենք պարզապես փակում ենք մեր տները, հեռանում այնտեղից և գիշերում հարազատների մոտ»,- պատմում է բնակիչներից մեկը։

Դեպքի վայրում գտնվող լրագրողը նկարագրել է Սաբունչիում ստեղծված իրավիճակը։

Աղբյուրի փոխանցմամբ, բնակիչները հույսները կորցրել են, թե խոստումներով կերակրող իշխանությունները երբևէ կլուծեն Սաբունչիում ահագնացող խնդիրը և հարց էլ չի առաջանում, թե ինչո՞ւ Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» բողոքի ցույց չեն անցկացնում տարիներ շարունակ չլուծված խնդիրը բարձրաձայնելու համար։

Նշենք, որ ավելի ուշ հոդվածը հասկանալի պատճառներով հեռացվեց ադրբեջանական կայքից: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print