Մեր հարստության շահառուն բացառապես մենք պետք է լինենք․ «Հայաստանի Հանրապետություն»


Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը մեր տնտեսության մեջ ունի   առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին եւ մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարեւոր տեղ են զբաղեցնում: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված են (2018 թ. տվյալներով) հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (մետաղական, ոչ մետաղական, ստորերկրյա քաղցրահամ եւ հանքային ջրերի), ինչպես նաեւ օգտակար հանածոների 580 հանքերեւակումներ (131 մետաղական եւ 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական։ ՀՀ ընդերքը հարուստ է հետեւյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաեւ, ուշադրություն, դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են պղնձամոլիբդենային, պղնձի,  ոսկու եւ ոսկի-բազմամետաղային, մոլիբդենային, ալյումինահանքային,  մագնեզիումասիլիկատային ապարների եւ քրոմիտի, երկաթահանքային հանքավայրեր: Մեկ այլ փաստի եւս ուշադրություն դարձնենք. սրանք դեռ հաստատված պաշարներն են, եւ այս ամենը մեր հայրենիքի այս փոքրիկ հատվածում միայն։ Ուրանի պաշարներից կարող էինք չխոսել։ Խորհրդային Հայաստանն ամեն ինչ արեց, որ այդ մասին չխոսվի՝ «պաշարը քիչ է, հետեւաբար, արդյունահանումը՝ աննպատակահարմար» պատճառաբանությամբ, բայց հիմա բրիտանական հետաքրքրությունը (Սյունիքի մարզի հանդեպ) բոլորովին այլ բան է հուշում։

Նռնաքարի հանքավայրեր նույնպես ունենք (Մեղրի եւ Կապան)։ Վանակնը (լեռնաբյուրեղ), այս պահի տվյալներով, արդյունաբերական նշանակության չէ, բայց ունենք երեւակումներ (Վանաձոր, Հրազդան, Շիկահող, Ջրաշեն)։

Ունենք նաեւ ագատի խոշոր հանքավայրեր (դեռ 1966թ. տվյալով՝ Կապանում, Գորիսում, նաեւ՝ Տաշիրում (Կալինինո)։ Եթե խոսենք սաթից, ապա պիտի անցնենք Թարթառ գետի երկայնքով ԼՂՀ-ում։

Եթե խոսենք ոսկուց, ապա պիտի գանք հնագույն ժամանակներից ու տանք բազմաթիվ հանքատեղերի անուններ։ Ոսկու հանքավայրեր եւ երեւակումներ հայտնաբերվել են Ալավերդի-Կապան գոտում: 19-րդ դարի 30-ականներին ոսկի է հայտնաբերվել Ագարակի, Քաջարանի հանքավայրերում: Շարունակել կարող ենք, բայց եթե ավելի հակիրճ, ապա Հայաստանում ոսկի կա գրեթե ամենուրեք (պարզունակ բացատրությամբ). տարբեր հասակի գրանիտոիդային ֆորմացիաներում՝ (Աղվերան), Ալավերդու եւ Կապանի հանքավայրերում, բազմամետաղային հանքաքարերում, ինչպես ասացինք, գետային նստվածքներում եւն։

Հիմա եթե «այլոց» աչքերով նայենք, ապա հերիք չէ, որ Հայաստանը ոսկու հանքավայրեր ունի, դեռ ոսկի ունի նաեւ բազմամետաղային հանքաքարերում եւ գետային նստվածքներում նույնպես։ Եթե խոսենք պլատինից, ապա պիտի տանք Սեւանա լճի Շորժայի քրոմիտային հանքավայրի անունը (նաեւ՝ Ալավերդի, Կապան, Քաջարան)։ Ախթալա, Ալավերդի, Կապան. այստեղ նաեւ արծաթ կա։ Մեր երկրի հարստության մասնակի ու շատ համառոտ նկարագրված պատկերն արդեն պարզ է, չէ՞։ Դեռ չենք խոսում ոչ մետաղական, քաղցրահամ եւ հանքային ջրերի պաշարներից։ Ի դեպ, դեռ չենք խոսում նաեւ այն հանգամանքից, որ մեր պոչամբարներն էլ մի առանձին հարստություն են։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print