Սյունիքի սահմանամերձ հատվածներում տևական ժամանակ է, ինչ իրավիճակի փոփոխություն չկա, այս պահի դրությամբ լարվածություն չի նկատվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով սահմանամերձ շրջանների իրավիճակի վերաբերյալ հարցին:
«Տևական ժամանակ է՝ որևէ փոփոխություն չկա: Ինձ հայտնի չեն նույնիսկ պատահական, ոչ թիրախավորված կրակոցի փաստեր: Իրավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել արդեն բավականին ժամանակ»,-ասաց Ղուկասյանը:
Մարզպետի խոսքով՝ նույնիսկ Ներքին Հանդում, որը հաճախակի է թիրախավորվել ադրբեջանական կողմից, որևէ փոփոխություն չկա: «Մարդիկ, վերադարձած, այդտեղ ապրում են, իրենք մեր՝ կառավարության ուշադրության կենտրոնում են»,-վստահեցրեց մարզպետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ որևէ լարվածություն չի նկատվում: