«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեծ դրական ազդեցություն կունենա Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական ոլորտների վրա, կօգնի մարզը դարձնել ավելի դիմակայուն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Հատկապես շատ է կարևորվում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև շատ կարևոր է համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագիրը»,-ասաց Ղուկասյանը:
Մանրամասնելով ներդրումային ծրագրերը՝ մարզպետը նշեց, որ 11 մլն եվրո ունեցող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» մեկնարկում է հունվարի վերջին և ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսին և փոքր ենթակառուցվածքների բարելավմանը: Մարզպետը սա չափազանց կարևոր ծրագիր համարեց, կարճ ժամանակահատվածում ազդեցությունը շատ մեծ է լինելու:
Այսպիսով փոքր ու միջին, միկրո բիզնեսներին, սկսնակ բիզնեսներին տրվելու է թե ֆինանսական, թե խորհրդատվական աջակցություն: Իսկ ինչ վերաբերում է ենթակառուցվածքների վերականգնմանը, ապա դրանք բոլոր բնակավայրերն են ընդգրկելու:
«Հատկացվող գումարն ամբողջությամբ կբավականացնի հատկապես փոքր բնակավայրերի ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: Վերականգնվելու են խմելու և ոռոգման ջրագծեր, կարող են բարելավվել ճանապարհներ: Ծրագիրն ուղղվելու է ամենահրատապ խնդիրների լուծմանը»,-վստահեցրեց մարզպետը։
1.6 միլիոն եվրո բյուջեով «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մեկնարկը տրվելու է փետրվարի սկզբին:
«Ծրագրի իրականացման համար առաջնահերթությունը տրվելու է նախևառաջ հենց սահմանամերձ բնակավայրերին: Դա մարդկանց բավականին մեծ դրական ազդակ է լինելու հատկապես այն պարագայում, երբ ԵՄ-ն է դա անում: Դա շատ բան է նշանակելու հենց բնակիչների համար: Եթե ծրագրերն արագ իրականացնում ենք, խոսում է նրա մասին, որ Հայաստանի սուվերեն տարածքում ցանկացած անկյունում պետք է լինի զարգացում, ինչը ժողովրդի համար բավականին մեծ ազդակ է»,-ասաց Սյունիքի մարզպետը՝ հավելելով, որ Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ այս նախաձեռնությունը մեծապես կօգնի Սյունիքն ավելի դիմակայուն դարձնել։
Ղուկասյանը հավատացած է, որ ԵՄ այս նախաձեռնությունը կօգնի նաև անվտանգային առումով ամրապնդել Սյունիքը, քանի որ վերոնշյալները զարգացնելու միջոցով է հնարավոր հասնել հաջողության:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԵՄ-ն աջակցության նախաձեռնության համար ընտրել հենց այն մարզը, որի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նաև տարածքային հավակնություններ է ներկայացնում, արդյոք սա ուղե՞րձ է ԵՄ-ից՝ մարզպետը դրական պատասխան տվեց: «ԵՄ ղեկավարության, ԵՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով բազմաթիվ հայտարարություններ կան, նրանք հստակ, թիրախավորված կերպով հայտնել են իրենց դիրքորոշումը, որ դեմ են Ադրբեջանի գործողություններին: Եվ, իհարկե, հենց այս քայլով ցույց են տալիս իրենց դիրքորոշումը՝ կոնկրետ ադրբեջանական կողմի նկրտումների վերաբերյալ»,-ասաց մարզպետը:
Ղուկասյանը կարևորեց ջանք ու եռանդ չխնայելով աշխատելը բարձր մակարդակով և համապատասխան ժամկետներում ծրագիրն իրականացնելու համար: