Հռոմի քահանայապետ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը հունվարի 29-ին կրկին հանդես եկավ Լաչինի միջանցքի շուրջ անհապաղ լուծում գտնելու կոչով, հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:
«Վերահաստատում եմ իմ կոչը Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ։ Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության համար խաղաղ լուծումներ գտնելու նպատակով»,-ասել է Հռոմի Պապը:
Այս ուղերձը Հռոմի Պապը հնչեցրել է հունվարի 29-ի կեսօրին՝ Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալների առջև։
Նշենք, որ Լաչինի միջանցքի հումանիտար հետևանքներին Հռոմի Պապն անդրադարձել էր նաև անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։