Առաջարկվում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձանց տրամադրել սպառողական փոխառություններ ու վարկեր, բնակարանային հիպոտեկային կրեդիտներ միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաև արտարժույթով, հայտնում է 1lurer.am-ը:
Այսօր՝ հունվարի 30-ին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ հանդես եկան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը և Նարեկ Գրիգորյանը։
Ներկայումս ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են ցանկացած արժույթով ստանալ հիպոտեկային վարկեր: Գևորգ Պապոյանի խոսքով արտարժույթի տատանումների հետևանքով վարկերի մարման մասով մեծ ռիսկեր են առաջանում: «Հայաստանում փոխարժեքը լողացող է, և ԿԲ-ն ու Կառավարությունը չունեն այն ֆիքսելու որևէ քաղաքականություն: Մենք չենք պատրաստվում դրան ոչ միջամտել, ոչ էլ մեր պահուստային ռեզերվները ծախսել փոխարժեք պահպանելու վրա»,- ընդգծել է համահեղինակը և հավելել` քաղաքացիներին միայն դրամային վարկեր տրամադրելու միջոցով հնարավոր կլինի նվազեցնել ռիսկերը:
Խոսելով պարտքի վարման պետական քաղաքականությունից` Գևորգ Պապոյանը նշել է, որ պետությունը հնարավորինս շատ պարտք ներգրավվում է դրամով և հնարավորինս քիչ` արտարժույթով:
Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Նրա խոսքով քննարկումների ընթացքում բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դիտարկումներ: «Ներկայումս կան 133 մլրդ դրամի արտարժույթով հիպոտեկային վարկեր»,- ընդգծել է զեկուցողը:
Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Նախագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։