Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է. «Արցախէներգո»

Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը Ադրբեջանի կողմից հաճախակի խափանելու և էլեկտրամատակարարման հովհարային անջատումների պատճառով Արցախի մի շարք դպրոցներում ստիպված կրճատվել է դասաժամի տևողությունը՝ դառնալով 35 րոպե, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում:

Չնայած ջեռուցմանը, հոսանքի հովհարային անջատումներով պայմանավորված՝ դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից ցածր է մնում, այդ պատճառով երեխաները նստում են վերարկուներով։ Այս ամենի հետ մեկտեղ, պարենի սղության պատճառով երեխաները չեն կարողանում սնվել դպրոցական ճաշարաններում։

«Արցախէներգո»-ի տնօրենի փոխանցմամբ Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է:

Ըստ Անդրանիկ Խաչատրյանի՝ հաշվի առնելով, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել, դա հիմք է տալիս կասկածելու, որ արհեստական միջամտություն է եղել: Ընդ որում, վթարը բարդ հետևանքներ չի ունեցել և այն կարելի է վերականգնել ժամերի ընթացքում։

Այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց դրա հնարավորությունները սահմանափակ են, և եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու։

Չի բացառվում, որ առաջիկայում ստիպված վերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը՝ կախված է ջրի պաշարներից ու մասնագետների հաշվարկներից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print