Միացյալ Նահանգների հարավում առնվազն տասը մարդ է զոհվել հզոր սառցափոթորկի հետևանքով, չորս նահանգներում ավելի քան կես միլիոն տնային տնտեսություններ հոսանքազրկվել են:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Weather.com կայքում հրապարակված տեղեկությունը: Դալլասում և Ֆորտ Ուորթում դպրոցները փակվել են: Մի քանի շրջաններում մարդկանց հորդորել են չերթևեկել վտանգավոր ճանապարհներով: Ավելի վաղ սառցփոթորկի պատճառով Դալլասում հարյուրավոր թռիչքներ էին չեղարկվել:
Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ չնայած սառցանձրևն այժմ դադարել է, բայց վտանգը պահպանվում է, քանի որ սառույցի հալվելուն զուգահեռ կարող են ծառեր և ճյուղեր կոտրվել: Բացի այդ, սպասվում է, որ երկրի հյուսիսային նահանգներում օդի ջերմաստիճանն առանձին վայրերում կնվազի՝ հասնելով զրոյից ցածր ջերմաստիճանի։