Երևան քաղաքի բնակիչը «Ամազոն» համացանցային կայքի միջոցով ձեռք է բերել դեղանման ապրանքատեսակներ, գովազդել և իրացրել ֆեյսբուքյան էջի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ մամուլի ծառայությունից։
ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով տվյալ քաղաքացու հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ գովազդվող ապրանքատեսակների ձեռքբերման վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում Մ. Ս.-ն, երկու դեպքով, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին կանխիկ դրամով վաճառել է ընդհանուր 45.000 դրամի դեղանման՝ «Ադվիլ-իբուպրոֆեն» «Վիտամին D3», «Նևրոբալանս, Ցինկ, Մագնեզիում և Վիտամին B6» տեսակի ապրանքատեսակներ:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում:
ՀՀ ԱՆ ստացված տեղեկատվության համաձայն, գնված ապրանքատեսակներից «Ադվիլ-իբուպրոֆեն» տեսակի հաբերը հանդիսանում են դեղամիջոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացին իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում՝ դեղամիջոցի վաճառք:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով կազմված արձանագրությունն ուղարկվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն` վարչական վարույթ իրականացնելու համար: