Դպրոցները հայտերը կարող են հրապարակել իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:
Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեի հետ համատեղ, անցկացնում է աշակերտների հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով կներկայացվի մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում:
Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև 2023 թ. փետրվարի 14-ը ներառյալ, mayreni@escs.am էլ.փոստին: Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվի: Լավագույնները կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում:
Մայրենիի միջազգային օրվա շրջանակում դպրոցներին առաջարկվում է նաև, որպես սոցիալական արշավ, իրականացնել ուսումնական նախագծեր՝ նվիրված մայրենի լեզվին, փետրվարի 14-21-ը դրանք հրապարակել դպրոցների պաշտոնական հարթակներում (Ֆեսյբուք, Ինստագրամ)՝ #մերմայրենին #մայրենինամենուր նշիչներով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:
Նախատեսվում է ԿԳՄՍՆ-ի սոցիալական հարթակներում Մայրենիի նախընթաց շաբաթվա ընթացքում իրականացնել նաև մեկ այլ սոցիալական արշավ` հրապարակել օտար բառեր և դրանց համարժեք հայերեն տարբերակները՝ օգտագործելով #եսընտրումեմհայերենը կամ #հայերենհամարժեքը նշիչները: Դպրոցները ևս կարող են միանալ այս նախաձեռնությանն իրենց սոցիալական էջերում: Հայերենի համարժեքներին կարելի է ծանոթանալ Լեզվի կոմիտեի կայքի «Հորդորակ» շարքում՝ https://bit.ly/2B2h8OG։
Նշենք, որ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է փետրվարի 21-ին: