Կադաստրի կոմիտեից ստացված պատասխանում չի հստակեցվում այդ երկրների քաղաքացիների ազգությունը։
Ադրբեջանի քաղաքացիները 2022թ–ի ընթացքում Հայաստանում 2 անշարժ գույք են ձեռք բերել։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման՝ այս մասին հայտնել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից։
Ստացված տեղեկանքի համաձայն` Ադրբեջանի քաղաքացիները 2022թ–ի ընթացքում 1 բնակարան են ձեռք բերել Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում և 1 անհատական բնակելի տուն` Լոռու մարզում։ Նշվում է նաև, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները նախորդ տարի Երևանի բազմաբնակարան շենքերում ձեռք են բերել 11 բնակարան։ Մարզերում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույք չեն գնել։
Ինչ վերաբերում է գույք վաճառելուն՝ Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ անցյալ տրվա ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ոչ մի անշարժ գույք չեն վաճառել։
Նշենք, որ այդ երկրների քաղաքացիների ազգությունը Կադաստրի կոմիտեից ստացված պատասխանում չի հստակեցվում։
Հավելենք, որ Կադաստրի կոմիտեի ավելի վաղ հրապարակած տվյալներով` մինչև 2022 թվականը ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիների կողմից` 71։ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում 54 բնակարան են գնել, 2 բնակարան նվեր ստացել, 1-ը` փոխանակել։ Բացի այդ, գնել են նաև 5 բնակելի տուն, 1 ավտոտնակ, 8 հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։ Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի ձեռքբերման 6 գործարք։
Այսպիսով` մինչ օրս ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել 8, Թուրքիայի քաղաքացիները` 82 անշարժ գույք։
Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։
— —