Ծրագրով նախատեսվում է փոքր դպրոցներում յուրաքանչյուր երեխայի համար ապահով լիարժեք դասաժամ՝ բոլոր առարկաների ուսուցման համար
2023 թվականի սեպտեմբերից հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների շուրջ 4418 ուսուցիչների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
«Նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնել առկա թափուր տեղերը՝ 2023 թվականի սեպտեմբերից հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող շուրջ 8135 ուսուցիչներին նույնպես կտրամադրվի հավելավճար», — նշվում է հաղորդագրությունում։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են նաև, որ վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը, որով փոքր դպրոցներում յուրաքանչյուր երեխայի համար կապահովվի լիարժեք դասաժամ՝ բոլոր առարկաների ուսուցման համար:
Բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստի և ֆիզկուլտուրայի ժամերին։ Բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչները կստանան 50-75% հավելավճար ՝ մեկ ժամի համար ։
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերից Սյունիքի մարզի դպրոցներում:
— —