Հավելվածը հնարավորություն է տալիս հասկանալ թե, որտեղ, երբ և ինչ ուժգնությամբ է տեղի ունեցել երկրաշարժը։
Հայաստանում կան հեռախոսային հավելվածներ, որոնք միացված լինելով լոկալ կամ միջազգային սեյսմոլոգիական ցանցին՝ իրականացնում են երկաշարժի վաղ ազդարարման ֆունկցիա՝ օգտատերերին հաղորդելով ինֆորմացիա տվյալ պահին տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ։ Այժմ Հայաստանում գործում են նմանատիպ հավելվածներ, որոնցից մեկը` LastQuake-ը, թարգմանվել է նաև հայերեն, որպեսզի հասանելի լինի հասարակության լայն շերտերին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«LastQuake-ը միացված է միջազգային և ՀՀ սեյսմոլոգիական ցանցի մի քանի սեյսմիկ կայանի, և հենց երկրաշարժ է տեղի ունենամ, տվյալ պահին հեռախոսի վրա հայտնվում է երկրաշարժի վերաբերյալ ինֆորմացիա (էպիկենտրոն, մագնիտուդ, խորություն, ժամանակ)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այսինքն՝ տեղեկությունը հնարավորություն է տալիս հասկանալ թե, որտեղ, երբ և ինչ ուժգնությամբ է տեղի ունեցել երկրաշարժը և արդյունավետ կազմակերպել անվտանգությանը նպաստող անհրաժեշտ վարքականոնները։
Նշվում է, որ հավելվածը կատարում է վաղ ազդարարման ֆունկցիա, սակայն երկրաշարժի վերաբերյալ ինֆորմացիան գրանցվում է հենց այն պահին, երբ երկրաշարժը տեղի է ունենում (քանի որ աշխարհում դեռևս բացակայում է երկրաշարժի ճշգրիտ կանխատեսման հստակ մեխանիզմ, որը նախապես կկանխատեսի երկրաշարժի տեղը, ժամանակը, ուժգնությունը)։
— —