Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը ձերբակալվել է

Իրավապահները բացահայտել են մի շարք ապօրինություններ։

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատի տնօրենը պարտադրել է հիվանդներից մեկին մաքրել իր խոզանոցը, իսկ մյուսին՝ մետաղյա շղթայով կապել ջեռուցման մարտկոցից, հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

«Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը մի շարք ապօրինություններ է իրականացրել: Մասնավորապես`հիվանդներին պարտադրել է տնտեսական աշխատանքներ կատարել, տնօրենը բուժվողներին ենթարկել է խոշտանգման, իսկ աշխատակիցներին հանձնարարել է, որ հիվանդներին չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը»,– ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունից հայտնում են նաև, որ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը:

Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Հանգամանքները պարզվում են:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print