Փաթեթներում եղել են ալյուր, արևածաղկի ձեթ, տարբեր ձավարեղեն, բանջարեղենի պահածոներ, շաքարավազ, թխվածքաբլիթներ, խտացրած կաթ, մուրաբա և հյութ։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար: Տեղեկությունը հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան մայրաքաղաք Երևան է հասցրել «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի 35 տոննա պարենամթերքը, որը ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել Լաչինի միջանցքով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տեղեկատվություն հավաքելուց և մշակելուց հետո մարդասիրական գործողություններ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և բնակավայրերում։
Նման ակցիաներից մեկն անցկացվել է Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 դպրոցում և Ստեփանակերտ քաղաքի մանկատանը։
Ռուս խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել դպրոցի աշակերտներին և անապահով ընտանիքներին։ Մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։
Նշվում է, որ փաթեթներում եղել են ալյուր, արևածաղկի ձեթ, տարբեր ձավարեղեն, բանջարեղենի պահածոներ, շաքարավազ, թխվածքաբլիթներ, խտացրած կաթ, մուրաբա և հյութ։
— —