Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է միջանկյալ փոխհատուցման չափեր սահմանել` 25 000 -75 000 հազար դրամի սահմաններում։
Այսօր ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր. անհետաձգելի կարգով հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով կսահմանվեն փոխհատուցման միջանկյալ չափերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է միջանկյալ փոխհատուցման չափեր սահմանել` 25 000 -75 000 հազար դրամի սահմաններում, քանի որ գործող օրենքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու են հանդիսանում առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները, իսկ այն զինծառայողները, որոնք վերափորձաքննության արդյունքում ճանաչվում են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, փոխհատուցում չեն ստանում։
Նախագծով առաջարկվում է սպայական կազմի զինծառայողներին` 75 հազարական, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 հազարական, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 հազարական դրամ հատկացնել։ Փոխնախարարի խոսքով՝ գումարները սահմանվել են հաշվի առնելով, որ այդ անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար։ Այս փոփոխության շահառուները 114–ն են, բայց կանխատեսվում է, որ ընդհանուր 160 անձ կդառնա երրորդ կարգի հաշմանդամ և կզրկվի հիմնադրամի շահառու լինելու իրավունքից: Գործող օրենքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու են հանդիսանում առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները, իսկ նրանք, որոնք վերափորձաքննության արդյունքում ճանաչվում են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներ, դադարում են փոխհատուցում ստանալ։ Օրենքի այս դրույթը շահառուների շրջանում լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել, ուստի՝ նոր նախագծով առաջարկվող փոխհատուցման չափերը ժամանակավոր բնույթ են կրում։
–