Քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր:
Այս տարի առաջին անգամ միասնական քննություններն անցկացվել են երկու փուլով, որը ընդունելության համակարգի բարելավմանը միտված քայլ է և հավելյալ հնարավորություն դիմորդի համար։ «Երկրորդ փուլից հետո կարվեն համապատասխան վերլուծություններ՝ հասկանալու, թե այս ձևաչափը որքանով է արդյունավետ, և ինչ լրամշակումների կարիք կա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման շրջանակում ևս այս հարցը կդիտարկվի։
Հաջորդ խնդիրը վերաբերում էր կրթաթոշակային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
«Կարծում ենք՝ պետք է մեծացնել կրթաթոշակի չափը, հստակեցնել ստացողների շրջանակը և սահմանել այն ուղղությունները, որոնք ունեն դիմորդների թվի մեծացման խնդիր՝ պետության առաջնահերթության տեսանկյունից»,- ասել է նախարարը:
Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել ռեկտորներին լինել մասնակցային և հանդես գալ առաջարկներով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի շուրջ: Ռեկտորները հակիրճ ներկայացրել են իրենց հուզող հարցերը և նախանշել առաջարկները հաջորդիվ ներկայացնելու պատրաստակամությունը:
–